Մեր թալանը
Հեղինակ՝ Նելլի Ռաֆայելյան
Լուսանկարիչ՝ Արտեմ Ղազարյան
Մանեն ծնվել է տնակում։ Մանեի մայրն էլ է ծնվել տնակում։ Մանեի տատը ընտանիքի հետ տնակ է տեղափոխվել երկրաշարժից հետո։ Առողջության համար խիստ վտանգավոր ազբեստե այս տնակներում ընտանիքներն ապրում են արդեն երեսուն տարի։ Այն ժամանակ հույս ունեին, որ մի օր տուն կունենան։ Այսօր էլ ոմանք դեռ հույս ունեն, ոմանք երանի են տալիս մեռած հարազատներին։
Ազբեստի բնակիչները

Tilda Publishing
Մոտավոր տվյալներով երկրաշարժին Գյումրին քսաներկու հազար բնակարան է կորցրել։ Թե որքան բնակարան է քաղաքում կառուցվել երկրաշարժից հետո, անիմաստ է նույնիսկ ճշտել։ Տարբեր իշխանություններ տարբեր թվեր են հայտարարել։ Ամեն նոր իշխանություն, Գյումրիի անօթևանության խնդիրը փորձել է ձևել-կարել իր հագով՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ 2017թ-ին կառավարությունը հայտարարեց, որ քսան հազար ընտանիքի բնակարանի խնդիր է լուծել, Գյումրիում այլևս անօթևաններ չկան, պետությունն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարել է։
Շիրակ կենտրոնի տվյալներով, Գյումրիում այսօր 2500 ընտանիք՝ մոտ տասը հազար մարդ, տնակում է ապրում։ Նրանցից յոթ հարյուրն այն ընտանիքներն են, որոնք երկրաշարժին բնակարան են կորցրել և առայսօր փոխհատուցում չեն ստացել։ Մյուս հինգ հարյուրն այն ընտանիքներն են, որոնք երկրաշարժից հետո բազմանդամ են դարձել ու քանի որ կորցրած մակերեսի չափով ստացած բնակարանում չեն տեղավորվել, ընտանիքի կեսը դարձյալ վերադարձել է տնակ ու շարունակում է մնալ անօթևան։ Մի քանի հարյուրն էլ բնակարանների գնման վկայագրերով նախկինում արված մեքենայությունների զոհերն են։ Մնացածը գյուղերից ու այլ քաղաքներից Գյումրի տեղափոխված ծայրահեղ աղքատ մարդիկ են, որոնք իրենց չնչին խնայողություններով չքանդած տնակներ են գնել, հաշվառվել, ակնկալելով, որ պետությունից տուն կստանան։
Գյումրին մագնիսի նման ձգում է աղքատներին ու անօթևաններին
Ժաննան գյումրեցի է, բայց ամուսնացել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում։ Կյանքը չի ստացվել։ Հաշմանդամություն ունի, ամուսինն, իր խոսքով, լքել է իրեն։ Ուրիշ էլ որտե՞ղ կկարողանար տնակ դնել, ապրել։ Երկու տղաների հետ 2013թ-ին վերադարձել է Գյումրի, 1200 դոլարով գնել այս տնակը, որում ապրող առնետներից տան կատուն ու շունն են վախենում։ Քաղաքի այդ հատվածով հոսող կոյուղաջրերը տուն են լցվում, պատերը մեծ ճաքեր ունեն, անձրևաորդերը տանը սովորական են։ Տղաներն օգնում են մորը՝ ձմեռվա ցախ հավաքելիս, հազվադեպ՝ ճաշ պատրաստելիս։ Գիշերօթիկ են հաճախում, ձմռան կոշիկ դեռ չունեն, հողաթափերով են։ Ուրախացել են, որ հարևան տնակի բնակիչները տուն են ստացել, գնացել, հին հեծանիվը իրենց են թողել։
Ժաննայի նման հարյուրավոր մարդիկ են եկել Գյումրի ու միացել տնակային հաշվառում ունեցողների բանակին։ Տնակի առքուվաճառքն այստեղ սովորական բիզնես է։ Ովքեր ավելի ճարպիկ են եղել, բնակարան ստանալիս տնակը չեն քանդել, այլ կեղծ տեղեկանք են ներկայացրել տնակի քանդման մասին։ Կեղծ տեղեկանքը ամենաշատը 300 դոլար արժե։ Իսկ տնակն ավելի թանկ է վաճառվում, տնակի հաշվառումը պահպանելն էլ սոցիալական օգնության ծրագրերից շարունակաբար օգտվելու երաշխիք է։ Տեղական իշխանությունը այս գործարքներից երկակի օգուտ ունի։ Ե՛վ փող է աշխատում, և՛ կրկնակի հաշվառումներով ընտրացուցակներ կեղծում։ Շիրակ կենտրոնի տվյալներով, տնակում փաստացի ապրողների թիվը Գյումրիում տասը հազար է, իսկ տնակային հաշվառում ունեցողներինը՝ քսանհինգ հազար։
Վահան Թումասյանը կեղծ տեղեկանքի պատճառով դատական քաշքշուկի մեջ է ընկել
Տարիներ շարունակ Գյումրիում կատարելագործվել են կոռուպցիոն մեխանիզմներն ու սխեմաները, որոնք կասեցրել են անօթևանության խնդրի լուծման բարեհաջող ավարտը:

69 ամյա Ջիվանն ու նրա 63 ամյա կինը՝ Սուսաննան երեսուն տարի տնակում են բնակվում։
-Հին հարևաններից մնացել ենք մենք ու Ալեքսանը,-ասում են՝ ցույց տալով աղավնիներով բակի տիրոջը՝ Ալեքսանին,-ամենաքիչը երկու անգամ մեր դիմացի տնակի վրա տարբեր մարդիկ հաշվառվելով՝ տուն ստացան, մեր աչքի առաջ։
Տնակի առաջին տերերը վաղուց են մահացել։ Նայում եմ խորհրդավոր տնակին․
-Ովքե՞ր էին,-հարցնում եմ։
-Քաղաքապետարանից։ Այնքա՜ն էլ արագ էին անում ամեն ինչ։
«Շիրակ կենտրոն» ՀԿ զբաղվել է աղետի գոտու անօթևան ընտանիքներին բնակարանների հատկացման գործընթացի մոնիտորինգով։ Ծրագրի ղեկավար Վահան Թումասյանը հրաշալի գիտի բոլոր սողանցքները, կոռուպցիոն գործարքները։ Ժամանակին կոռուպցիոն ռիսկերը նկարագրել է զեկույցներում։ Թեև, ցանկացած գյումրեցի ձեզ կպատմի դրանց մասին։ Հաճախ նույնիսկ սեփական փորձը վկայակոչելով։ Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ քաղաքացուն բնակարան են հատկացրել նորակառույց շենքի հինգերորդ հարկից, իսկ պարզվել է՝ շենքը քառահարկ է ու մարդն հետագայում այլևս չի ընդգրկվել հերթացուցակում։ Կամ ոչ անօթևաններին բնակարանի հերթացուցակում խցկելու համար, նրանց անօրինական հաշվառել են պատահական մարդկանց՝ երկրաշարժի ժամանակ կորցրած բնակարանի հասցեում և դա բացահայտվել է միայն բնակարանի հերթը հասնելիս։ Պատահել է նաև, որ չի բացահայտվել,քանի որ շատերն են երկրից հեռացել՝այդպես էլ չսպասելով բնակարանի։
«Մոնիտորիգ էինք անում, ստուգում էինք հասցեները: Մարդուն ասում էինք, որ դուք փոխհատուցում եք ստացել, պնդում էր, որ չի ստացել: Պարզվում էր, որ նրա կորցրած բնակարանի հասցեում գրանցել են ուրիշ մեկին, որին այդ մարդը չէր էլ ճանաչում, ու տուն էին տվել: Այսինքն, իշխանությունը կոռուպցիոն ճանապարհով մեկին տուն էր տալիս, իսկ խեղճուկրակը մնում էր տնակի մեջ: Դա զանգվածաբար է կատարվել, ամբողջական շենքեր կան կառուցված, որոնք ոչ մի շահառուի չեն հասել: Այնքան փաստաթղթեր են կեղծվել, որ անհնար է դրանք հայտնաբերել, նույնիսկ եթե ինստիտուտներ աշխատեն այդ ուղղությամբ։ Օրինակ, մարդիկ կային, որ հրաժարվել էին բնակարանից, որովհետև շինարարությունը անավարտ էր։ Այդ մարդկանց հերթը պետք է հետաձգվեր, պետք է ձևակերպվեր, որ հրաժարվել են բնակարանից և վերաբաշխում արվեր։ Բայց վերաբաշխում տեղի չի ունեցել, փաստաթղթերում էլ չի երևում, թե ում են տրվել այդ բնակարանները»։
Վահան Թումասյան

Շիրակ կենտրոն ՀԿ նախագահ
Գործազրկությունն ու սոցիալական ծանր պայմանները շատերին են ստիպել փակել բնակարանի դռներն ու հեռանալ Գյումրիից։ Քաղաքի բնակչության թիվը երկրաշարժին հաջորդած երեսուն տարիների ընթացքում հիսուն տոկոսով կրճատվել է։/տարբեր տվյալներով 100-125 հազար բնակիչ/։ Ոմանք, կարիքից դրդված՝ վարձով են տվել, ոմանք էլ վաճառել են ստացած բնակարանները և դարձյալ վերադարձել են տնակ։ Երբ իշխանություններն հասկացան, որ շատ դռներ փակ են մնացել, հրաժարվեցին նոր շենքեր կառուցելու մտքից և որոշեցին մարդկանց բնակարանների գնման վկայագրեր տալ, որով նրանք կկարողանային տուն գնել։ Ընդ որում, շուկայում տների գներն ավելի բարձր էին, քան նախատեսում էր ԲԳՎ-ն։ Ահա այստեղ ծավալված կոռուպցիոն սխեմայի հետևանքով ԲԳՎ-երի գումարը ծախսվեց, բայց քաղաքի անօթևանների թիվը չպակասեց։ Հարյուրավոր անօթևաններ ձեռք բերվող բնակարանի ձևական առքուվաճառք արեցին և բանկից ստացած գումարը օգտագործեցին այլ կարիքների համար, այդպես էլ բաղձալի տունը չգնելով։ Մարդիկ զանգվածաբար ներքաշվեցին կոռուպցիայի մեջ։ Համաձայնության էին գալիս բանկը, անօթևանը և ձևականորեն իր տունը անօթևանին վաճառողը։ Յուրաքանչյուրն այդ գումարից իր մասնաբաժինն ուներ։

Գեղանկարիչ Սամվել Գալստյանը զանգվածային դարձած այդ գործարքից օգտվել է, որ կարողանա տղայի ուսման վարձը վճարել։
ԳՅՈՒՄՐԻՆ ՏՆԱԿՆԵՐԻՑ ԵՐԲԵՔ ՉԻ ԱԶԱՏՎԻ
Այս տխուր դատավճռի հետ քաղաքում շատերն են համակերպվել: Գյումրիում քիչ չեն կոռուպցիոն գործարքները, երբ մարդիկ բնակարանը ստանալուց հետո, իշխանությունների կամ ոստիկանության գիտությամբ, չհանձնած տնակը քարապատել են և իբրև ինքնակամ կառույց սեփականաշնորհել։ Շատերն այդ կերպ փորձել են լուծել երեխաների բնակարանային խնդիրը։ Այդպես Գյումրիում քաոտիկ կերպով առաջ եկան չնախագծված թաղամասեր։
66 ամյա Նորայր Բաղումյանը երկրաշարժին տուն է կորցրել, փոխհատուցել են, բայց դե երեք տղա ու չորս թոռ ունի։ Թոռներից մեկի համար այստեղ տուն է ուզում սարքել։ Տնակում է ապրում, որ հանկարծ չքանդեն։ Հարևանները գուրգուրանքով են խոսում Նորայր պապի մասին․ «Միայն իր շուրջը չէ, ամբողջ տարածքն է մաքրում, խնամում»։
-Հայրի՛կ, փաստորեն, տղերքիդ տուն են տվել: Քեզ էլ չեն տա։

-Կտա՜ն, ո՞նց չեն տա։

-Բա հիմա չե՞ն ասում՝ պիտի դուրս գաս, որ քանդենք տնակը։

-Ո՞վ պիտի ասի, Սուրբ Մեսրո՞պը։


Տնակային մոլուցքը Գյումրիում կարող է արթնանալ ցանկացած պահի։ Կառավարության որևէ թեթև ակնարկից հետո։ Թեև կառավարությունն հայտարարել է, որ Գյումրիի անօթևանների նկատմամբ իր պարտավորություններն իրականացված են, սակայն որոշել է տնակների հաշվառում իրականացնել։ Այդպես հարմար է, կառավարությունը ստիպված չի լինի նոր պարտավորություն վերցնել՝ խոստովանելով, որ քաղաքում դեռ անօթևաններ կան: Միաժամանակ տնակների թվի մասին պատկերացում կունենա։

«Տնակների արհեստական պահանջարկ են ստեղծում։ Հիմա մարդիկ նորից կվազեն տնակ գնելու, հաշվառվելու, որովհետև մտածում են, որ կառավարությունը տուն է տալու։ Մինչդեռ եթե ուզում եք իմանալ, թե քաղաքում որքան անօթևան է ապրում, պիտի հաշվառեք անօթևաններին»,-ասում է Վահան Թումասյանը, ի դեպ, արդեն հուսահատված, որ իշխանությունները երբևէ ականջալուր կլինեն իրենց առաջարկներին։ Շիրակ կենտրոնը՝ տարբեր բարերարների ներգրավելով, վերջին տասներկու տարվա ընթացքում օգնել է տուն գնել 140 անօթևանի համար։




ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԱԶՆԻՎ ԼԻՆԵԻՆ
Երկրաշարժից հետո, Գյումրին բաժանված էր 90 տնակային ավանի՝ տասնութ հազար տնակով։ Բնակարանաշինության ծրագրով, քաղաքի կենտրոնն ազատվեց տնակներից։ Բայց կոռուպցիան օգնեց, որ տնակային աղետը ծպտվի քաղաքի ծայրամասերում։ 1988թ-ին, Անահիտը տասնյոթ տարեկան էր, որ ամուսնացավ և տեղափոխվեց ազբեստե այս տնակ։ Ընտանիքի մյուս անդամները բնակարան ստացան և գնացին, իսկ Անահիտի նորաստեղծ ընտանիքը շարունակեց ապրել այստեղ: Օրենքը բազմացող ընտանիքին խոստանում էր դրամական փոխհատուցում տալ՝ տուն գնելու համար։ Անահիտի կյանքը դարձել է անվերջ սպասում...
Tilda Publishing
Click „Block Editor” to enter the edit mode. Use layers, shapes and customize adaptability. Everything is in your hands.
Անահիտը ստիպված է յուրօրինակ ձևեր փնտրել անգամ հասարակ լվացքի մեքենայից օգտվելու համար: Անջուր թաղամասով մեկ դույլերով ջուր է բերում, պահեստավորում տակառներում, որոնք խողովակներով միացած են լվացքի մեքենային:
Չգազաֆիկացված թաղամասում, որտեղ մարդիկ ջրի պատճառով նաև ամբողջ տարին տառապում են փորլուծությամբ, իրենց խնդիրներից ինքնուրույն են գլուխ հանում։Անահիտն իր դարդը թողած, հարևան Սուսանի մասին է մտածում․ «Մենակ, հիվանդ կին է, ամբողջ կյանքը երազեց տուն ունենալ, երեխեքը Ռուսաստանում հազիվ են ապրում, իր դեղերի փողը նույնիսկ չեն հասցնում»։
Ըստ Շիրակ կենտրոնի հետազոտությունների, տնակում ապրող երեխաների մոտ իննսուն տոկոսը դպրոցից հետո չի շարունակում ուսումը։ Վաղաժամ ամուսնությունների, ամուսնալուծությունների, թերսնվելու, առողջության պատճառով բանակից ազատվելու դեպքերի ամենաբարձր տոկոսը տնակների բնակչության շրջանում է։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website